211652_close_icon

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն ակտիվացել է. Արսեն Թորոսյան

views-count562 դիտում article-date 21:25 10-09-2025
Արցախցիներին բնակարանով ապահովելու ևս 2 նախագիծ կմշակվի։

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն ակտիվացել է։ Այս մասին այսօր ԱԺ– կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հիշեցրեց, որ ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացի լինելը և վստահեցրեց, որ գործընկերների հետ զրույցները փաստում են, որ շատացել են նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները։

«Սեպտեմբերի 9-ի դրությամբ հավաստագիր ստացած ընտանիքները 2711-ն են, իսկ իրացված հավաստագրերի թիվը՝ 823։ Ունեի նաև 10 օրվա վիճակագրությունը, որը մոտավորապես 760 էր։ Այսինքն՝ 10 օրվա ընթացքում արդեն 60 հավաստագիր է իրացվել, և մենք տեսնում ենք, որ պրոցեսն առաջ է գնում»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ արցախցիներին բնակարան ապահովելու համար 2 ուղղությամբ նախագիծ է մշակվում, որի մանրամասները դեռևս չի կարող հայտնել, քանի որ վերջնական չեն։

«Մեկը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք հանգամանքների բերումով՝ ընտանեկան կամ առողջական վիճակի պատճառով չեն կարողանալու օգտվել գործող ծրագրից։ Նրանց այլ տարբերակներ կառաջարկեն, ինչպես նաև զբաղվածության ակտիվության ծրագրեր կառաջարկեն այն քաղաքացիների համար, ովքեր կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից»,– հայտնեց Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը ներկայացրեց նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիր վիճակագրությունը։ Ըստ նրա, 16 մլն-ի ծրագրից օգտվողների հաստատված 2388 հայտ կա, որից վարկավորման ընթացքում է 67-ը, իսկ 2321 արդեն վարկավորված է, որից էլ 1502-ը ստացել է վարկի վերջնական մասը։

Նմանատիպ նյութեր