211652_close_icon

Քաջարանը տոնում է հիմնադրման 67-րդ տարեդարձը

views-count601 դիտում article-date 19:24 24-08-2025
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը օգոստոսի 24-ին նշում է հիմնադրման 67-րդ տարեդարձը։ 

Ինչպես հայտնում են Քաջարանի քաղաքապետարանից, տոնի առթիվ քաղաք են ժամանել Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի համայնքների ղեկավարներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների, իրավապահ համակարգի և ուժային կառույցների պաշտոնյաներ, հոգևորականներ, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչակազմի ներկայացուցիչներ։ 

Ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների՝ քաղաքի Եղբայրական պանթեոնում տեղի է ունեցել ծաղկեդրման արարողություն:

Ըստ աղբյուրի՝ միջոցառումները մեկնարկել են Քաջարանի կենտրոնական հրապարակում հյուրերի դիմավորմամբ, որին հաջորդել է նարդու առաջնությունը և ցուցահանդես։ 

Մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը քաղաքի հիմնադրման օրվա առթիվ շնորհավորել է քաջարանցիներին։

«Ես տեսել եմ, թե ինչքան քաջ էին քաջարանցիները հայրենիքի պաշտպանության ժամանակ, միասնական և համակարգված իրենց ջանքն էին ներդնում մարզային գործին։ Քաջարանցիներն այս տարիների ընթացքում կերտել են իրենց ուրույն կերպարը։ Միասնականության շնորհիվ Քաջարանն օր օրի ավելի է ծաղկում և զարգանում։ Վերջին տարիներին համայնքի, կառավարության ԶՊՄԿ-ի հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Քաջարանում։ Աշխատանքի քաջությունը տարածվում է նաև կրթության, արվեստի, մշակույթի, հոգևոր ոլորտներում, և մենք ամենօրյա զարգացում ենք տեսնում»,-ասել է Ղուկասյանը՝  կոչ անելով քաջարանցիներին՝ այսուհետ ևս միասնականությամբ հաղթահարել բոլոր խնդիրները՝ շարունակելով շենացնել քաղաքը։ 

Ըստ աղբյուրի՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շեշտել է՝ փոխվում են ժամանակներն ու  սերունդները, բայց Քաջարանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը մնում է անփոփոխ: 

«Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու կարողությամբ մեզնից յուրաքանչյուրն արել և անում է առավելագույնը, որ Քաջարան այցելող յուրաքանչյուր ոք տեսնի′, լսի′, զգա′ ու սիրի′ մեր քաղաքը: Մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում, հանուն մեր քաղաքի արել և անում ենք առավելագույնը՝ այն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար»,- նշել է Փարամազյանը: 

Ինչպես ընդգծել են քաղաքապետարանից՝ Քաջարանն այսօրվա տոնակատարություններով նշում է ոչ միայն իր 67-ամյակը, այլև հարուստ պատմության, հերոսական անցյալի ու արդիական քաղաքային կյանքի համատեղումը։ 

Տոնական միջոցառումների շրջանակում քաջարանցիները վայելել են Հայաստանի պարի պետական անսամբլի կատարումները։ Օրվա երկրորդ կեսին բացվել է գաստրոցուցահանդես, իսկ երեկոյան Քաջարանի մարզադաշտում տեղի կունենա համերգ։ 

Տոնական տրամադրությունն ամփոփվելու է հրավառությամբ։ 

Նմանատիպ նյութեր