211652_close_icon

ՀԷՑ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում․ Ռոմանոս Պետրոսյան

views-count2863 դիտում article-date 22:14 25-07-2025
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Սույնով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում:

Ընկերության Էլեկտրատնտեսության շատ սարքավորումներ սպառել են իրենց օգտագործման ողջ ռեսուրսը և պիտանիության ժամկետները, Ընկերությունում իսպառ բացակայում են օպերատիվ կառավարման և տեղի ունեցող վթարների առկայության մասին տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ ավտոմատ տելեհաղորդման ժամանակակից միջոցները:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության եւ/կամ ցանցի վերազինմանն ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության, ինչի արդյունքներն զգացվում են արդեն այսօր՝ հաճախակի դարձած վթարային անջատումներով և դրանց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների ժամանակատարությամբ և ընդգրկումով:

Սիրելի՛ քաղաքացիներ,

Այս պայմաններում, եթե առաջացած վթարները և էլեկտրամատակարարման խաթարումները պայմանավորված չեն մարդածին սխալներով (սարքավորումների և մալուխների վնասում, հենասյուների և ենթակայանների հրկիզում և այլն), ապա «ՀԷՑ» ՓԲԸ-ի օպերատիվ տեխնիկական անձնակազմերը 24-ժամյա աշխատանքային ռեժիմով իրականացվող հերթապահության շնորհիվ հնարավորինս արագ արձագանքում են դրանց և սեղմ ժամկետում ձեռնամուխ լինում էլեկտրամատակարարման վերականգմանը:

Մնացած բոլոր դեպքերում իրականցվող անհետաձգելի վերականգնողական աշխատանքները կարող են օբյեկտիվորեն ավելի երկար ժամանակ պահանջել, ինչի համար հայցում ենք Ձեր բոլորի ըմբռնումը և ներողամտությունը:

Շնորհակալություն,

Մաղթում ենք բարի հանգստյան օրեր»:

Նմանատիպ նյութեր