211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ «Honda Accord»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count25473 դիտում article-date 18:16 25-07-2025
Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Դ․-ն իր վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների օգնությամբ ուղղել այն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի  և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Մուրադյանը և Անդրանիկ Մարգարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր