211652_close_icon

Շենգավիթի ոստիկանների հերթական փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվողը, իսկ նրա հետ եղած անձի մոտ հայտնաբերվել է «Կրիստալ» տեսակի թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3205 դիտում article-date 22:55 17-07-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ պայքար են տանում հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ։ 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Չեխովի փողոցում է գտնվում «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա հետախուզվող։
 
Տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ 2 օպերատիվ խումբ է ձեւավորվում, որոնցից մեկը ղեկավարում է Ա. Մկրտչյանը, մեկն էլ՝ բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։
 
Շենգավիթի համայնքային ոստիկանները ժամանում են Չեխովի փողոց ու այնտեղ հայտնաբերում կասկածելի «Opel»-ը և վարորդին, ուղևորին ու ավտոմեքենան տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
 
Արդեն ոստիկանությունում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
 
Ավտոմեքենայում գտնվող՝ Երևանի բնակիչ 43-ամյա Սահակ Ա.-ն ոստիկանության Դավթաշենի բաժնի կողմից ՀՀ Քր.օր-ի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով գտնվելիս է եղել հետախուզման մեջ, իսկ ավտոմեքենայում գտնված մյուս քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 29-ամյա Նարեկ Ս.-ն, ով ենթարկվում է անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերում է 3 հատ փայլաթիթեղ, որոնցից մեկի մեջ հայտնաբերվում է 0.22 գրամ մաքուր քաշով «Կրիստալ» տեսակի բյուրեղանման զանգված։
 
Իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվում է թվով 3 հատ 50 մգ մեթադոնային լուծույթով լցված սրվակ, իսկ ոստիկանությում էլ Սահակ Ա.-ն հայտարարել է, որ այդ ամենը պատկանում է իրեն։
 
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, իսկ հետախուզվող Սահակ Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվում է ոստիկանության Դավթաշենի բաժին։
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր