211652_close_icon

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում

views-count529 դիտում article-date 20:41 26-06-2025
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Շնորհակալություն, պարո՛ն նախագահող:

Նախեւառաջ կցանկանայի շնորհավորել պարոն Տիտուս Կոռլատեանին այս հիանալի եզրակացությունը պատրաստելու համար: Ուզում եմ նշել սակայն, որ փոքր ինչ ցավալի է, որ կանոնադրական կարծիքների քննարկման ժամանակ, այն է՝ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվելիք կոնվենցիաների քննարկման ժամանակ, ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում, քան այն դեպքերում, երբ քննարկում ենք ընդամենը խորհրդատվական բնույթի փաստաթղթեր:

Ուզում եմ բոլորիդ հորդորել շատ լրջորեն վերաբերվել կանոնադրական կարծիքներին, որովհետեւ մենք այս կերպ ձեւավորում ենք Եվրոպայի խորհրդում ահաբեկչության դեմ պայքարի ապագա կոնվենցիոն հիմքերը: Եվ շատ կարեւոր է արդիականացնել ահաբեկչության հասկացությունը՝ համապատասխանեցնելով այն մեր ժամանակի մարտահրավերներին:

Ուզում եմ նաեւ անդրադառնալ նախորդ ելույթներին եւ ընդգծել, որ անհրաժեշտ է ունենալ ահաբեկչության հանցանքի հստակ սահմանում, քանի որ առանց դրա անհնար է երաշխավորել մեր կազմակերպության երեք հիմնասյուների՝ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նկատմամբ հարգանքը:

Չեմ կարող չանդրադառնալ նաեւ մի կարեւոր հարցի՝ մեր փոխգործակցությանը Նախարարների կոմիտեի հետ: Եթե մեր հարգելի գործընկերները մեզ ուղարկում են փաստաթղթեր կանոնադրական կարծիքների համար, եւ մենք ներկայացնում ենք առաջարկություններ, այդ առաջարկությունները պետք է հաշվի առնվեն: Հակառակ դեպքում, նման կարծիքներ ներկայացնելու ամբողջ իմաստը:

Կրկին թույլ տվեք շնորհավորել զեկուցողին այս հրաշալի զեկույցի համար»,- ելույթում նշել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր