ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում:
Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթին:
Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանը կարեւորել է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ու այս տարվա հունվարին երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը՝ ընդգծելով երկու պետությունների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդման կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացն ու առկա մարտահրավերները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը, ընդգծել, որ ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր ջանքերին եւ շարունակելու է ցուցաբերել ակտիվ ներգրավվածություն:
Սարգիս Խանդանյանը Բրայան Մասթին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստան այցի հրավերը: