211652_close_icon

Եթե Կտրիճ Ներսիսյանն իր տված ուխտը խախտել է, ես իրեն ո՞նց ասեմ Վեհափառ. Ռուբեն Ռուբինյան

views-count2395 դիտում article-date 16:35 17-06-2025
«Վեհարանից հանել» արտահայտությունը կարող է մոլորության մեջ գցել մարդկանց, խոսքը նրան ֆիզիկապես Վեհարանից հեռացնելու մասին չէ, խոսքը նրա մասին է, որ Կտրիճ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցու ու հոգևորականության դեմ սկսած արշավին:

Ճշտող հարցին՝ որտեղի՞ց գիտի, որ խախտել է, Ռուբինյանն ասաց. «Դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են ու ոչ ոք չի հերքում: Կտրիճ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբանում տա, բայց ինքը չի պարզաբանում»:

Իսկ թե ինչու չի ասում Վեհափառ, նա նշեց՝ որովհետև ընդհանրապես եկեղեցական տիտղոսները ինչ-որ իմաստ են կրում: «Օրինակ՝ Սրբազան նշանակում է սրբակենցաղ, երբ Սրբազանի ես հանդիպում պետք է ասես՝ Աստված օգնական, Սրբազան հայր, ինքն էլ պետք է ասի, Աստված օգնական, զավակս: Վեհափառին ասում ես՝ Վեհափառ, դրանով փառավորում ես իրեն: Հիմա, եթե մարդը իր տված ուխտը խախտել է, ես իրեն ո՞նց ասեմ Վեհափառ»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ մեղադրանքները կեղծ են, նա ասաց. «Սուտ է, թող ասի՝ սուտ է:

Այն կետից սկսած, երբ հարցը բարձրացվեց ու չհերքվեց, դա դարձավ ճշմարտություն»:

Նմանատիպ նյութեր