211652_close_icon

Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում. ՀԱԿ

views-count1657 դիտում article-date 18:28 13-06-2025
Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում, ինչն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության եւ կայունության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում: 

Իրանի հետ մեր երկրի հարևանությունը և պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական շահերը, պարտադրում են մեզ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ներքաշել Հայաստանը տարածաշրջանային հակամարտության մեջ:

Ելնելով վերը շարադրվածից` կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին.

– ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով
– միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու դիմումին՝ հակամարտության էսկալացիան կանխելու համար:
– ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին:
– անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումները: Նման քայլերը ոչ միայն խաթարում են հասարակության միասնությունը, այլև վտանգի տակ են դնում մեր ազգային արժեքները:

Այս ճգնաժամային պահին նաեւ կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից՝ երթերից, ցույցերից ու հանրահավաքներից և համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը: Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին:

Նմանատիպ նյութեր