211652_close_icon

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

views-count2632 դիտում article-date 11:22 10-06-2025
ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պաշտոնյան, տեղյակ լինելով, որ իր ենթակայությամբ ծառայող՝ օպերատիվ կառավարման կենտրոնի  ավագ տեսուչը 2022 թվականի ապրիլի 8-ից 2023 թվականի ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում չի ներկայացել ծառայության վայր և չի կատարել իր ծառայողական պարտականությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս՝ ծառայության վայր մուտք գործելն ապահովելու կամ նրա՝ ծառայության չներկայանալու փաստն արձանագրելու և այդ մասին վերադասության կարգով զեկուցելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տեսուչի կողմից հիշյալ ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունները չկատարելու պայմաններում, վերջինիս անվամբ հաշվարկվել և վճարվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 3.673.510 ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Ծառայողական պարտականությունները չկատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդության հիման վրա վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։ Պետությանը պատճառված 3․673․510 ՀՀ դրամ վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է մեղադրյալի կողմից։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր