211652_close_icon

Նուբարաշենում նոր վերանորոգված ճանապարհը վարորդների համար դարձել է պատուհաս, որտեղ տեղի են ունեցել մի քանի ավտովթարներ, իսկ Նուբարաշենի թաղապետը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30671 դիտում article-date 18:18 03-06-2025
Այն, որ վերջին տարիներին Կառավարությունը Հանրապետությունում հսկայածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացրել, գաղտնիք չէ: 
Անգամ մարզերում այնպիսի գյուղամիջյան ճանապարհներ է հիմնանորոգել ու կառուցել նորերը, այդ ամենը փաստում են քաղաքացիները: 
 
Երևանը նույնպես աչքի է ընկնում ասֆալտապատման, նոր ճանապարհների կառուցման գործում, այդ թվում՝ բակային հատվածներում:

Գովելի է այդ ամենը, բայց որ ճանապարհաշինարարները որոշ հատվածներում աշխատանքները կատարում են թերի, ժողովրդի լեզվով ասած՝ «փնթի», ապա ով է դրա պատասխանը տալու: 

Այսօր՝ հունիսի 3-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի վարչական տարածքում է գտնվում վերջերս հիմնովին ասֆալտապատված, մի քանի կմ-անոց ճանապարհ: 
 
Այդ ճանապարհը Երևանը կապում է Արարատի մարզի մի քանի գյուղերին ու հարց է առաջանում՝ որ ընկերությունն է ճանապարհը վերանորոգել, ասֆալտապատել ու հանձնել շահագործման, և արդյոք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանը, Նուբարաշենի թաղապետ Անդրանիկ Գասպարյանը տեղեկացած են, թե ինչ վիճակ է տիրում նոր վերանորոգված ճանապարհին: 

Ճանապարհի նստվածքի պատճառով առաջացել են հսկայական ճաքեր, որոշ հատվածներում էլ՝ մարդաբոյ փոսեր, ճանապարհի կողնակում էլ լցված է մի քանի տոննա շինարարական աղբ, և որ ամենացավալին է՝ նշված հատվածում, ըստ քաղաքացիների, մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, երջանիկ պատահականությամբ զոհեր և վիրավորներ չեն եղել: 
 
Էլ չենք ասում, որ ճանապարհին բացակայում են լուսային փարոսիկները, ցուցանակները, որ այդ հատվածում ճանապարհը ունի նստվածք, իսկ նշված վայրից Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրը մեկ կմ-ի չի հասնում, ու լավ կլինի, որպեսզի Նուբարաշենի թաղապետը ճանապարհի վերանորոգման հարցով դիմի Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին, հակառակ դեպքում, եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, այն ամբողջությամբ դառնալու է անանցանելի ու այս ճանապարհով Արարատի մարզ մեկնող քաղաքացիները ստիպված Երևանի մյուս ճանապարհներով են մեկնելու ու խցանումները էլ ավելի են շատանալու: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր