211652_close_icon

Երբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդ

views-count2389 դիտում article-date 13:38 30-05-2025
Երբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը:

Գրել է ՀԱԵ Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայատարարությանը, որ «եկեղեցիները «չուլանացված» են․

«Մեծ ցավով և մտահոգությամբ լսեցինք մայիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած այն արտահայտությունը, ըստ որի՝ մեր եկեղեցիները «չուլանացված» են։

Այս խոսքը ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն է, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված մի կառույցի, որը դարերի ընթացքում եղել է մեր ժողովրդի հոգևոր լույսն ու ազգային տոկունության աղբյուրը։

Երբ նման խոսքը հնչում է պետության ղեկավարի շուրթերից, այն կորցնում է կենցաղային բնույթն ու դառնում է արժեքային ազդակ, որը ցավալիորեն նսեմացնում է այն հարգանքը, որ դարեր շարունակ վայելել է Եկեղեցին՝ որպես համազգային սրբություն: «Չուլան» կոչել եկեղեցիները նշանակում է նսեմացնել մի սրբություն, որը տևականորեն սնուցել է մեր ժողովրդի հոգևոր կյանքը պատերազմներում, գաղթերի մեջ, ճնշումների օրոք։ Այդպիսի բառապաշարը ծառայում է հանրային գիտակցության մեջ սրբազան երևույթների արժեզրկմանը, հոգևոր դաշտի ապասրբայնացմանը, ինչը չի կարող անարձագանք մնալ։

Հարկ է նաև ընդգծել՝ սա պարզապես լեզվական վրիպում չէ։ Երբ երկրի ղեկավարը խոսում է եկեղեցու մասին նման բառապաշարով, նա անուղղակիորեն խաթարում է պետություն-եկեղեցի փոխադարձ հարգանքի հիմնախարիսխը և վտանգում հասարակության հոգևոր հավասարակշռությունը։

Որպես Սյունյաց թեմի առաջնորդ՝ վստահեցնում եմ վարչապետին (եթե, իհարկե, վարչապետի ասածը վերաբերում է Սյունյաց թեմի որևէ եկեղեցու), որ մեր եկեղեցական կյանքը ոչ միայն չի «չուլանանում», այլև, ընդհակառակը, հոգևոր զարթոնք է ապրում։

Սյունյաց վանքերն ու եկեղեցիները վերանորոգվում են, աղոթատները կենդանի են՝ լի հավատացյալներով, պատարագներին մասնակցությունն օրեցօր աճում է, իսկ հոգևորականները անխոնջ կերպով ծառայում են իրենց սուրբ առաքելությանը։ Կրթական, երիտասարդական և բարեգործական ծրագրերը նոր շունչ են հաղորդում համայնքային կյանքին, հատկապես՝ մեր սահմանամերձ բնակավայրերում։

Ինչ վերաբերում է վարչապետի ակնարկին՝ իբր մեր եկեղեցիներում մահճակալներ կան, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Սյունյաց թեմի որևէ եկեղեցում երբևէ մահճակալ չի եղել։ Մեր սրբավայրերը բացառապես աղոթքի և հոգևոր ներկայության վայրեր են։

Վերջապես, եթե որևէ մեկին թվում է, թե եկեղեցիներն ամայի են կամ անտեսված, ապա միգուցե արժե ներհայեցողաբար հարցնել՝ ինչ ենք արել մենք՝ որպես իշխանավորներ, քաղաքացիներ և հավատացյալներ՝ մեր հոգևոր տներն արժանապատվորեն պահպանելու և կենդանի պահելու համար։

Եկեղեցին երբեք շքեղության վայր չի եղել, բայց միշտ եղել է հավատքի, մխիթարության և ազգային հավաքականության սուրբ օթևան։ Եվ այդ օթևանը երբեք չի կարող «չուլան» դառնալ, քանի դեռ նրա պատերը ամրացած են հավատավոր ժողովրդի սրտերում»։

Նմանատիպ նյութեր