211652_close_icon

«Փողի գողը գո՞ղ ա, հողի գողը գող չի՞, քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները». Տիգրան Ավինյան

views-count1798 դիտում article-date 11:38 19-05-2025
Ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել են ընդհանուր թվով 81 արձանագրություն, և սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է մեր ամենախնդրահարույց զանցանքներից մեկը։ Այս մասին այսօր՝ մայիսի 19–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեռց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա Երևանի առաջ ծառացած, երևի թե, ամենաբարդ խնդիրներից մեկն է, որ ինչքան էլ, որ մենք շարունակում ենք պայքարել դրա դեմ, իհարկե, քանակը և ծավալները նվազել են, բայց, այսպես ասած, մշակույթի դեմ պայքարելը մի փոքր դժվար է։

Բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն մեր մշակույթում և վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն, և մենք պետք է ընկալենք, որ առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ և չի կարող լինել։

Այդ ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր տարատեսակ այգիներում ունենք տարատեսակ շինություններ, և այդ շինությունների, չգիտեմ, տերեր կոչենք այդ մարդկանց, թե ինչ, փորձում են պայքարել այդ շինությունները սեփականացնելու համար, երբ որ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներից այդ տեսակ շինությունները, տարատեսակ կրպակները, որ կան մայթերի վրա, որ ամբողջապես մայթ են փակում։

Այդ տերերը փորձում են մղել տարբեր նաև դատական պրոցեսներ հարուցելով Երևանի քաղաքապետարանի դեմ»,– հայտարարեց Ավինյանը։

Նա հայտարարեց, որ ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով և անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ առաջ տված բալկոններ. «Հոգեկան էդ տեսակ դրսևորումները չեմ կարծում, որ արդեն նորմալ են։

Փողի գողը գող ա, հողի գողը գող չի՞, հողի գողն էլ ա գող և առհասարակ համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևի քանդվելու է։ Խնդրում եմ, եկեք փորձենք մեր այս մշակույթից դուրս հանենք այդ ձևը, այդ մտածելակերպը, դա առողջ մտածելակերպ չի, երբ որ դու մտածում ես՝ ոնց անես, որ այն բակիդ, այն ընդհանուր տարածքում, այն անկյունում տարածքը քեզնով անես։ Դու ունես, վստահաբար ունես համապատասխան մասնագետի հետ որոշակի քննարկման կարիք»,– ընդգծեց նա։

Նմանատիպ նյութեր