211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին և մասամբ հայտնվել բենզալցակայանի տարածքում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count56891 դիտում article-date 16:32 16-05-2025
Այօսր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խումբ, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանն ու Արծրուն Զաքարյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարը վերացնելու և վնասված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 244+
244+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր