211652_close_icon
views-count78622 դիտում article-date 10:00 25-03-2024

Ողբերգական ավտովթար՝ Մասիս քաղաքում. «Mitsubishi»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ»-ին. մահացած վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝  օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի սկզբնամասում Արարատյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են նրա մահը:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «ԶԻԼ»-ի վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է , որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վարորդը «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակից էր, սակայն նրա հագին եղել է ոստիկանության ծառայողի հագուստ, եթե դա իսկապես այդպես է, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը հետևաություններ պետք է անի, թե ինչն է պատճառը, որ իր աշխատակիցը ոստիկանի համազգեստ է կրել:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+

Նմանատիպ նյութեր