211652_close_icon

Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. Թբիլիսյան խճուղուց Կորեայի ձոր տանող հատվածում բախվել են «Kia»-ն ու «Lexus»-ը. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3748 դիտում article-date 20:38 24-04-2025
Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհահատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Lexus» մակնիշի և Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Զ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված մայթում կանգնած հետիոտնին, ապա կոտրել խաչմերուկը կարգավորող՝ հետիոտների համար տեղադրված լուսակիրը և դուրս եկել երթևեկելի գոտուց։

Վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել «Lexus»-ի և «Kia»-ի վարորդներն ու քաղաքացիները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ժորա Հովհաննիսյանն ու Հակոբ Կարապետյանը։

Ավտովթար-վրաերթի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր