211652_close_icon

Ոստիկաններն ու քննիչները պարզել են Երևանում մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղայի և 2 վիրավոր անչափահաս եղբայրների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12043 դիտում article-date 11:49 21-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ապրիլի 19-ին Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բենավ Դավթյանն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն է և 19-ամյա Սողոմոն Լ.-ն է: 

Տիգրան Լ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ Սողոմոն Լ.-ն «պոլիտրավմա և ցնցում» ախտորոշմամբ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Տիգրան Լ.-ն ու Սողոմոն Լ.-ն հարազատ եղբայրներ են: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին, ովքեր տեղափոխվել են քրեական ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների քննչական բաժին: 
 
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում: 
 
Ինչպես ավելիի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական վարչության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։

Հիվանդանոց էին մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, սպանությունների վարչության պետ Ռոման Խլղաթյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը, Երևանի քրեական վարչության սպանությունների բաժնի պետ Ռազմիկ Գասպարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Քրեական և համայնքային ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել նաև, որ մահացածին հիվանդանոց էին տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել էին։

Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քրեական ոստիկանությունում, հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով, պարզել են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։

Քրեական ու համայնքային ոստիկանները ժամանել էին նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտել էին, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու, ովքեր կասկածվում էին նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։

Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխվածի, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր