211652_close_icon

«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 25-ամյա բուժառուի եղբայրը պնդում է, որ եթե Արտաշատի հիվանդանոցում սխալ ներարկում չանեին, ապա հնարավոր կլիներ փրկել քրոջ կյանքը

views-count51408 դիտում article-date 20:35 31-03-2025
Այսօր՝ մարտի 31-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Արարատի մարզի բնակիչ Լևոն Գևորգյանը, ով երեկ երեկոյան «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած՝ Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սիլվա Գևորգյանի եղբայրն է և ցանկացավ իր դժգոհությունը հայտնել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշներից, ասելով, որ իր քույրը մահացել է հենց նրանց կողմից սխալ դեղորայք ներարկելու պատճառով։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․ «Քույրս 6 տարի ստացել է դիալեզ, քանի որ երիկամների խնդիր ուներ։ Սկզբի 4 տարին ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ վերջին 2 տարին ստանում էր Արտաշատում։ Շաբաթ օրը հերթական անգամ գնացել է Արտաշատի հիվանդանոց դիալեզ ստանալու, սակայն կեսից վատացել է և զանգեցին մեզ, ասացին՝ եկեք, տարեք տուն։ Տուն բերելուց 1 ժամ հետո նկատեցինք, որ իրենց լավ չի զգում և շտապօգնություն կանչեցինք։ Եկան, ճնշումը չափեցին ու պարզվեց, որ շատ բարձր է, սրտխառնոցի դեղ ներարկեցին ու գնացին։ Հենց բժիշկները գնացին, վիճակը սկսեց ավելի վատանալ և նորից շտապօգնություն կանչեցինք, էլի նույն բրիգադը եկավ ու տեղափոխեցին Արտաշատի հիվանդանոց, չնայած նրան, որ մենք ասում էինք տարեք «Էրեբունի» բժշկական կենտրոն, ու մենք վստահ էինք, որ «Էրեբունի»-ում նրա կյանքը հնարավոր է փրկել։ Մեզ պատասխանեցին, որ իրավունք չունեն ու տարան Արտաշատի հիվանդանոց։ Արդեն այնտեղ նորից վատացավ, պահանջեցին դեղ տանենք, քանի որ իրենք չունեին, բերեցինք 4-5 հատ սրտխառնոցի դեղ էլի ներարկեցին, որն էլ հետագայում պարզվեց, որ իրեն չէր կարելի։ Այդտեղ ամբողջ գիշեր պահել են և առավոտյան ժամը 6-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին, մահացել է։ Այնտեղի բժիշկը մեզ ասաց, որ այդ դեղորայքը Արտաշատում պետք է չներարկեին, քանի որ չէր կարելի կոմայի մեջ գտնվող հիվանդին նման դեղորայք ներարկել։ Մենք հույս ունենք, որ մեղավոր բժիշկը կպատժվի, քանի որ վստահ ենք, որ եթե Սիլվան Արտաշատի հիվանդանոցում ճիշտ բուժում ստանար, ապա կյանքը կփրկվեր»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր