211652_close_icon

Պայթյուն-փլուզում՝ Արարատի մարզի Ազատավան գյուղում. 2 վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները. ժամանել են մարզի քրեական վարչության և Արտաշատի բաժնի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count36932 դիտում article-date 23:58 24-03-2025
Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատավան գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արտավազդ Սարգսյանը։

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ նշված գյուղի Թումանյան փողոցի թիվ 91 տանը պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Վիրավորներից մեկին «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Արմեն Դումանյանն ու Անուշավան Սողոյանը, իսկ մեկին հիվանդանոց է տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն-փլուզում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի գազի վարչության ծառայողները։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ,որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր