211652_close_icon
views-count1687 դիտում article-date 11:41 06-02-2025

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում. վաղ առավոտից պարեկներն ու փրկարարները ձնաբքի միջից դուրս են բերել 40-ից ավելի ավտոմեքենաներ. քամին ու բուքն իրենց սև գործն են անում. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով Վայոց ձորի մարզի «Զանգեր»-ի հատվածից դեպի Գորիս տանող ճանապարհահատվածի մի քանի վայրերում տեղացած առատ ձյան հետևանքով ավտոմեքեաների երթևեկությունը, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանաավորապես դադարեցվել է: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161 կմ-ում՝ «Անտառային շրջադարձ» կոչված հատվածում, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ժամանակավորապես դադարեցրել են ավտոմեքենաների տեղաշարժը: 
 
Պարեկները, ճանապարհը սպասարկող ճանշինն ու Վայոց ձորի փրկարարները 20-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել մերկասառույց ճանապարհից: 

Ուժեղացված ու լարված պայմաններում են աշխատում նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
 
Տեղում աշխատում են նաև փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն աշխատել են նաև Սիսիանի և Գորիսի ճանապարհը սպասարկող ճանշինականները, սակայն քամին ու բուքն իրենց սև գործն են անում: 
 
Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով Սիսանի և Գորիսի ճանապարհից դուրս են բերել արդեն մոտ 25 ավտոմեքենա՝ մերկասառույց ճանապարհից ու ձնաբքի միջից: 
 
Սյունիքի հրշեջ-փրկարարները նույնպես մոտ 10 ավտոմեքենա են դուրս բերել: Այս պահին երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ ճանշինը մեծ դժվարությամբ աշխատանքներ է կատարում՝ ճանապարհը ձնից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:
 
Պարեկների ճիշտ աշխատանքի արդյունքում այդ պահին Վայոց ձորի և Սյունիքի մարզում ավտովթարներ տեղի չեն ունեցել: 
 
Ուժեղացված ծառայությունը շարունակվում է:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր