211652_close_icon
views-count493 դիտում article-date 15:44 05-02-2025

Եթե երկքաղաքացիություն ունեցող անձանց համար հնարավոր է այլ երկրի վարորդական վկայականով երթևեկել 1 ամիս, ինչու՞ հնարավոր չէ անժամկետ երթևեկության թույլատրումը. Գառնիկ Դանիելյան

Եթե հնարավոր է այլ երկրի վարորդական վկայականով երթևեկել 1 ամիս, ինչու՞ հնարավոր չէ անժամկետ երթևեկության թույլատրումը: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Երեկ ֆեյսբուքյան գրառմամբ բարձրաձայնել էի, որ երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածաբար տուգանվում են։

Նշել էի, որ սա անարդարացի մոտեցում է․ հայկական վարորդական վկայականի բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա ջավախահայերին տուգանելու համար։

Դիմել էի ՀՀ Ներքին գործերի նախարարությանը և պետական պատկան մարմիններին՝ նշված հարցին լուծում տալու, ջավախահայությանը ՀՀ տարածքում ապօրինի կերպով տուգանելու գործընթացը շուտափույթ դադարեցնելու պահանջով:

Ի պատասխան իմ հրապարակմանը՝ այսօր ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։

Պատասխանը, ցավոք, չի փարատում մեր մտահոգությունները։ Հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Եթե հնարավոր է այլ երկրի վարորդական վկայականով երթևեկել 1 ամիս, ինչու՞ հնարավոր չէ անժամկետ երթևեկության թույլատրումը։

Շարունակելու եմ հետամուտ լինել խնդրին, որպեսզի ջավախահայերը, որոնք ունեն վրացական անձնագրեր և վարորդական վկայականներ, ՀՀ-ում կարողանան երթևեկել առանց որևէ խոչընդոտի»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում:

Նմանատիպ նյութեր