211652_close_icon
views-count14747 դիտում article-date 17:48 30-01-2025

Արմավիրի մարզում քրեական իրավիճակը չի հանդարտվում․ հերթականը տարեց կնոջ տան թալանն է. գողերը տարել են անգամ հանգուցյալ տղայից հուշ մնացած ոսկյա մատանին, իսկ մարզի իրավապահները արձանագրում են հետընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին ամիսներին Արմավիրի մարզից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, ասելով, որ մարզում գողությունների պակաս չկա, փոխարենը մարզի քրեական ոստիկանությունն ու համայնքային ոստիկանության բաժիններում ոչինչ չեն ձեռնարկում հանցագործությունների կանխման, նախականխման, տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, ինչի համար էլ հանցագործները տեսնելով որ ոչ մի դեպք չի բացահայտվում, հերթական գողություն, ավազակային հարձակում, կողոպուտ և այլ քրեորեն պատժելի արարքներ են կատարում։ 

Երեկ՝ հունվարի 29-ի, հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրարփի գյուղում։ Նշված գյուղի բնակիչ 70-ամյա Սիրուն Տոնեյանը առավոտյան գիշերային աշխատանքից հետո գալիս է տուն և մնում շիվարած։ Անհայտ անձը կամ անձինք կոտրել են միայնակ բնակվող կնոջ տան պատուհանի երկաթե ճաղավանդակը, մտել տուն և այնտեղից հափշտակել գումար և ոսկյա զարդեր։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը ասում էր․ ««Մեյմանդարի» շուկայում եմ աշխատում ու գիշերը այնտեղ «սմենի» եմ եղել։ Առավոտյան հարևանս զանգեց, բա հասի տուն, տես՝ ինչա եղել։ Եկա տեսնեմ՝ փորձել են մուտքի դռան բռնակը կոտրել ու ներս մտնել, բայց չի հաջողվել ու լուսամուտով են ներս մտել։ Միայնակ ապրող կին եմ, որդիս տարիներ առաջ ՌԴ-ում մահացել է, մի հատ լավ մատանի ուներ, դա են գողացել, 200 հատի չափ 500 դրամանոց մետաղադրամներ էի հավաքել, դրանք են գողացել, մի 300 հազարին մոտ գումար և ևս մի քանի ոսկյա զարդ։ Հիմա ոստիկանությունը աշխատում է ու հույս ունեմ, որ կգտնեն էդ գողին կամ գողերին։ Բայց մեկ է՝ զարմանում եմ, ոնց կարող են մտնել իմ նման խեղճ ու կրակ ապրող տատիկի տուն։ Միայնակ ապրող կին եմ, օգնող չունեմ, ամբողջ գիշեր գնացած եմ լինում, որ մի կտոր հաց ունենամ։ Բա դա անելու բան է, որ արել են»։

Հարևաններն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախիցկի առաջ խոսել, ասում էին․

«Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ մենակ ապրող կնոջ տունը թալանի։ Էս խեղճ կինը, որ հիմա պետք է նստեր տունը ու թոշակով ապրեր, ոչ մի օգնող չունի։ Տղան մահացել է ու էդ տականքներն անգամ հանգուցյալի ոսկյա մատանին են գողացել։ Անգամ հույս էլ չունենք, որ ոստիկանները կբացահայտեն։ Թե՛ մեր, թե՛ կողքի գյուղերում էնքան գողություն եղավ, էդ որը բացեցին, որ սա էլ բացեն։ Գոնե էս մեկը բացեք, թե չէ գողերը տեսնելու են, որ սա էլ չբացվեց, հերթականն են անելու։ Հիմա ձեր պատվի հարցն է, հարգելի՛ համայնքային  ու քրեական ոստիկաններ։ Եթե կամենաք՝ հաստատ կբռնեք գողին կամ գողերին, հակառակ դեպքում կմտածենք, որ ոչ մի առաջընթաց էլ չկա ձեր կողմից հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Հենա լսել ենք, որ մի քանի օր առաջ էլ Հոկտեմբերյանում դեպքա եղել՝ ավազակային հարձակում։ Էդ էլ չի բացվել։ Էնպես որ լավ կլինի իրոք սրտացավ մոտեցում ցուցաբերեք ու թե՛ էս դեպքը, թե՛ մյուս դեպքերը բացահայտեք»։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր