211652_close_icon
views-count48790 դիտում article-date 10:09 05-01-2025

Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում. «Mercedes»-ը կոտրել է ցուցանակն ու մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, ապա մի քանի պտույտ շրջվելով բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջված հայտնվել բնակչի քարե շինության մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ջանոյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ռաֆիկ Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվ է գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Աստղիկ Ղուկասյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր