211652_close_icon
views-count28742 դիտում article-date 20:36 04-01-2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են բնակարանային գողին, ով զոքանչից հափշտակել էր խոշոր չափի ոսկյա զարդեր, որը վաճառել ու խաղադրույքներ էր կատարել

Հունվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են բնակարանային գողության դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Ն․ Լ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ պայմաններում մտել են Ներքին Չարբախի իրենց տուն և ննջասենյակի պահարանից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա․ Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Ա․ Միքայելյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և փորձաքրեագետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում տուժած քաղաքացին ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։

Մինչ քննիչն ու փորձագետը դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ գողությունը կատարել է Երևանի բնակիչ Գևորգ Մ․-ն և նրան հայտնաբերելու համար իրականացվում են «Ամեն փեսա զոքանչի փող չի կարա մարսի» օպերացիա։ Գևորգ Մ․-ին ոստիկանները Ներքին Չարբախում հայտնաբերում և գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը վաճառել է և գումարով խաղադրույքներ է կատարել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Գևորգ Մ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես օպերատոր և տուժածի փեսան է։

Վերջինը ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր