211652_close_icon
views-count1015 դիտում article-date 15:49 25-12-2024

ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)

Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության  դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։

Դեպքերից մի քանիսի մասին առավել մանրամասն:

Այսպես, օրերս Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական միջոցառումների բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Է․Բ-ն սպիրտը շշալցնում է կոնյակի համար նախատեսված տարբեր չափերի շշերի մեջ ու այդ եղանակով պատրաստում է կոնյակներ: Վերջինս շշերի վրա  փակցնում է կրկնակի օգտագործված ակցիզային դրոշմապիտակներ և վաճառում տարբեր անձանց։  Ներքին անվտանգության, Հետաքննության ու օպերատիվ հետախուզության  վարչությունների  աշխատակիցները համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հսկիչ գնմամբ ձեռք են բերել 4 շիշ կոնյակ: Իսկ նշված հասցեում հայտնաբերել են 45 շիշ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչք, 28 կեղծ ակցիզային դրոշմապիտակ և 164 հատ կրկնվող QR-ով պիտակներ:  Հայտնաբերվել է նաև տարբեր տարողության 25 տարա, որոնցում առկա են եղել կոնյակի բուրմունքով սպիրտային հեղուկներ։

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում, ՀՀ  Հարկային օրենսգրքի  և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով կազմվել է արձանագրություն:

Հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվող անձի նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննության: Հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքները և դրոշմապիտակները եղել են կեղծ:  
Քանի որ արարքը պարունակել է հանցագործության հատկանիշներ, ուստի հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե: ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկ այլ դեպքով ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել, որ «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում իրացվում է «ԱՐՏԱՇԱՏ-ՎԻՆԿՈՆ» ընկերության արտադրանքը` «Գուբերնատոր» գրառմամբ, առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ։ Ռեստորանային համալիրում Ներքին անվտանգության, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր  372 շիշ առանց ակցիզային դրոշմանիշի ալկոհոլային խմիչք: Կանխվել է նաև մաքսային հսկողությունից թաքցված, առանց ակցիզային դրոշմավորման ծխախոտի խմբաքանակի տեղափոխման դեպք: Օրերս Վրաստանից «Բագրատաշեն» սահմանային անցման կետ է ժամանել մարդատար ավտոմեքենա:  ՊԵԿ ներքին անվտանգության, ինչպես նաև Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների կողմից ավտոմեքենան ենթարկվել է զննության: Արդյունքում քաղաքացու մեքենայի հատակից հայտնաբերվել է  2010 տուփ ծխախոտ։ Նշենք, որ հայտնաբերված  ծխախոտները Ս.Ս.-ն ձեռք է բերել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից:

Դեպքի առնչությամբ  կազմվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման արձանագրություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր