211652_close_icon
views-count3025 դիտում article-date 12:50 12-12-2024

Թևան Պողոսյան. Գործող իշխանությունները չեն կարող քննել իրենց իսկ սխալները, նման սխալներ գործած, պարտված իշխանությունը պիտի ինքնակամ հեռանար. «168 ժամ»

2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ ներկայացված չէ։ Բազմիցս գրել ենք, որ գործող իշխանությունների օրոք և այն էլ՝ զուտ քաղաքական զեկույցի պարագայում, հնարավոր չէ 44-օրյա պատերազմի պարտության ամբողջական և դետալային պատկերն ունենալ, որը գնահատական կտա քաղաքական և ռազմական ղեկավարությանը՝ ըստ պատասխանատվության: Անհրաժեշտ է ռազմական մասնագիտական գնահատական և վերլուծություն, որը, թերևս, ՀՀ զինված ուժերն արել է: Բայց իշխանափոխության դեպքում պետք է քննության առնվեն ոչ միայն 44-օրյա պատերազմին առնչվող հանգամանքները, այլ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի ամբողջական հայաթափմանն առնչվող քաղաքական և ռազմական զարգացումների պատճառները՝ ով ինչ չարեց, ով ինչից հետևություն չարեց, ինչո՞ւ ռուսական կողմի հետ «լեզու չգտան», կամ ինչո՞ւ ռուսական կողմն իրեն այդպես դրսևորեց, արդյո՞ք ՀՀ ԶՈւ աջակցությունը ՊԲ-ին հանգեցնելու էր պատերազմի, և ինչու չկանխվեց 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան… 168.am–ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում կատարվածը կամ Արցախի օկուպացիան մեկ օր ոչ միայն քննիչ հանձնաժողովի քննության առարկա է դառնալու, այլև պատմության դատին է հանձնվելու:

«Այն, ինչ տեղի է ունեցել՝ մեկ օրվա պատմություն չէ, այլ մի ամբողջ հետևողական գործընթաց է՝ սկսած 2020 թվականից: Այսինքն, 2020 թվականի պատերազմի առաջին օրից մինչև վերջ բոլոր գործողությունները պետք է քննվեն: Օրինակ, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը չեն կատարվել կամ՝ միակողմանի են կատարվել, այսինքն՝ առանց մյուս կողմի: Կամ՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է Էրդողանը զգուշացրել Հայաստանին, և հազարավոր այլ հարցեր:

Դա մի հանձնաժողովի քննելու հարց չէ, կամ այս, կամ այն քաղաքական քմահաճույքի խնդիր չի լինելու, դա պատմության դատին պիտի հանձնվի, պիտի լինի ազգային մեծ հետազոտությունների և փաստերի վրա հիմնված քննություն, որից ոչ մեկը չի խուսափելու: Իսկ Ռուսաստանի հետ լեզու չեն գտել, թե Ամերիկայի, ես այս հարցը նեղ չեմ պատկերացնում, հատկապես, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ֆոնին եղել են նաև շատուշատ բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին չեն ասել, չէ՞:

Կրկնում եմ, այստեղ հազարավոր թեմաներ կան, ինձ համար դա գլոբալ հարց է: Վերադառնանք նախնական մտքին, այդ Քննիչ հանձնաժողովը կարող է լինել ԱԺ շրջանակում, բայց եթե հետո պարզվի, որ կան քրեական հանցագործություններ, ո՞վ պիտի պատժի, ԱԺ-ն պատժիչ գործողությունների հնարավորություն չունի, այն կարող է միայն քննել և հանրության կամ համապատասխան մարմինների դատին ներկայացնել իրենց քննության արդյունքները, որից հետո բնականաբար կլինեն քրեական և դատական գործեր»,- շարունակեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունները չեն կարող քննել իրենց իսկ սխալները, և իրականում նման սխալներ գործած, պարտված իշխանությունը պիտի ինքնակամ հեռանար:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր