211652_close_icon
views-count118639 դիտում article-date 14:27 27-11-2024

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի և Լոռու մարզերում. 300-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են մերկասառույց ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել. փրկարարներն ու պարեկները դուրս են բերել մոտ 40 ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ:
 
Եթե Ապարանի, Նիգավանի ճանապարհները սպասարկող ճանշինը օպերատիվ է գործել, մերկասառույց ճանապարհները մշակել է աղ ու ավազով, ապա նույնը չես կարող ասել Ռյա Թազա, Մելիքգյուղ, Ծիլքար, Գեղադիր, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ այդ մի քանի գյուղերը տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույց է, ճանապարհը սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի ոչ մի աշխատակից որպես նմուշ անգամ չկա:  

Նույնիսկ իրենց գրասենյակի դիմացով անցնող գլխավոր ճանապարհին տիրում է բարձիթողի վիճակ:  

Ավտոմեքենաների խցանում է առաջացել. մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել:  

Բավականին լարված են աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Նույն լարված իրավիճակում են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայութան Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետի գլխավորությամբ, մոտ 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից:  

Մի քանի քաղաքացիների էլ Արագածոտնի և Լոռու պարեկները իրենց ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ վայր:  

Այս պահին արդեն ժամանած Սպիտակի ճանշինը սկսել է ճանապարհից հեռացնել ձյունն ու մերկասառույց հատվածներն էլ մշակել աղ ու ավազով, իսկ «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի ճանշինի աշխատակիցներից մինչև այս պահը ոչ ոք չի բարեհաճել ժամանել ու կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ:  

Վարորդները ամենավերջին խոսքերն էին ուղղում ճանշինին, իսկ գովեստի խոսքեր ուղղում էին պարեկներին ու փրկարարներին, ինչպես նաև մի քանի գյուղացիների, ովքեր իրենց տեխնիկայով օգնում էին պարեկներին ու փրկարարներին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 424+
424+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր