211652_close_icon
views-count1030 դիտում article-date 19:55 20-11-2024

ՀՅԴ ԳՄ-ն ցավակցագիր է հղել ազատամարտիկ Հովհաննես Ալեքսյանյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՅ Դաշնակցության սիրելի ընկեր, ազատամարտիկ Հովհաննես Ալեքսանյանը:

Արցախյան գոյապայքարում իր անուրանալի ներդրումն ունեցած Հովհաննես Ալեքսանյանը ծնվել է 1960 թ.՝ Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: 1990 թ. սեպտեմբերից մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին:

1990 թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. օգոստոս ամիսը ՀՅԴ ջոկատի կազմում եղել է Շահումյանի  շրջանում, մասնակցել Գյուլիստան, Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանությանը: 1991 թ. նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 23-ը ՀՅԴ վաշտի կազմում մասնակցել է Ստեփանակերտի Կրկժան թաղամասի, Ասկերանի  շրջանի Հասանաբադ, Բադարա, Լեսնոյ գյուղերի ինքնապաշտպական-ազատագրական մարտերին:  Դեկտեմբերի 23-ին Լեսնոյում հակառակորդի կրակակետերի վնասազերծման մարտի ընթացքում ստացել է գնդակային վիրավորում:

1992 թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ը ՀՅԴ վաշտի կազմում մասնակցել է Շուշի քաղաքի, Շուշիի շրջանի գյուղերի (Զարիսլու և Լիսագոր) ու Բերդաձորի ենթաշրջանի ազատագրմանը, Լաչինում տեղակայված թշնամու կրակակետերի ոչնչացմանը, Հադրութի (Ցոր, Ծամծոր գյուղեր) շրջանի ինքնապաշտպանական գործողություններին: 1992 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թ. հրադադարը Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի, Ֆիզուլու, Քարվաճառի շրջանների ազատագրմանը:  

Հովհաննես Ալեքսանյանը  2016 թ. Ապրիլյան քառօրյային և դրան հաջորդող շրջանում՝ ապրիլի 4-ից մինչև 24-ը, իրականացրել է մարտական հերթապահություն Թալիշի դիրքերում։

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական արիության համար պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» և «Շուշիի ազատագրման» մեդալներով:

Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և մարտական ընկերներին: ՀՅ Դաշնակցության նվիրյալ ընկերոջ լուսավոր հետագիծը հավետ կմնա Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ: 

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Նմանատիպ նյութեր