211652_close_icon
views-count1159 դիտում article-date 19:24 17-10-2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանում` հանդիպելով երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Հանդիպման մեկնարկին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը կրկին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար` հավելելով, որ այս հանդիպումն իրենց նախկին հանդիպման շարունակությունն է: ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերոջը ջերմ ընդունելության համար` նշելով, որ նման հանդիպումներն էլ ավելի են ամրացնում երկկողմ բարեկամական կապերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հատուկ շեշտադրմամբ խոսել է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներից ու երկրում իրականացվող բարեփոխումներից` նշելով, որ Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Ալեն Սիմոնյանը չեխ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին` ներկայացնելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ առկա տնտեսական ներուժին` նշելով, որ կա այն իրացնելու լայն հնարավորություն:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Պատգամավորների պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր