211652_close_icon
views-count4237 դիտում article-date 20:26 13-10-2024

Երևանն Արարատի մարզին կապող՝ ժողովրդին հայտնի «Զբորնի պունկտի» կամուրջը ամեն պահի հնարավոր է փլվի. բնակիչներն ասում են՝ գոնե մյուս տարի Էրեբունի-Երևան տոնին կամրջով երթևեկելիս չխաչակնքվենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր խնդրում են, որպեսզի ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջապես լուծեն Երևանն Արարատի մարզին կապող՝ ժողովրդին հայտնի «Զբոռնի պունկտի» հարևանությամբ գտնվող, ամեն պահի փլուզվելու վտանգի տակ գտնվող կամրջի հիմնանորոգման կամ կապիտալ վերանորոգման աշխատանքները։


Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, կամրջի հարևանությամբ ապրող բնակիչները, ովքեր հրաժարվեցին այդ պահին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Վաղը ողջ հայությունը նշելու է Էրեբունի-Երևան տոնը ու ուզում ենք հավատալ՝ ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը մյուս տարի Էրեբունի-Երևան տոնին մեզ նվեր կանեն՝ այս վտանգավոր կամուրջը հիմնովին վերակառուցելու տեսքով։ Դրանից լավ նվեր մյուս տարի Էրեբունի-Երևան տոնի առթիվ ո՛չ կառավարությունը, ո՛չ քաղաքապետարանը չեն կարող տալ։ Մենք խնդրում ու պահանջում ենք, որպեսզի վերջապես սայլը տեղից շարժվի։ Կամրջի ողջ երկարությունը մի քանի հարյուր մետր է ու հաստատ, եթե բարի կամք դրսևորեն, էդ խնդիրը կլուծեն։ 

Կամրջի տարբեր հատվածներում արդեն հսկայական ճաքեր ու փոսեր են առաջացել, որ նույնիսկ տակը երևում է ու այս հատվածով ոչ միայն մարդատար փոքր ավտոներ, այլ նաև բեռնատարներ, միջհամայնքային ու քաղաքային տրանսպորտ է անցնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ Աստված չանի հանկարծ այդ պահին կամուրջը փլուզվի, վիրավորների ու զոհերի մասին էդ ժամանակ չեք խոսի։ Հենց հիմա պետք է հետևություններ անեք ու սկսեք Երևանն Արարատի մարզին կապող այս կամուրջը խելքի բերեք։ Էլ չենք ասում, որ փոսերի ու ճաքերի պատճառով անընդհատ վթարներ են տեղի ունենում։ Մարդիկ չգիտեն՝ որ փոսից ու ճաքից փախցնեն, իսկ արտաքին լուսավորության մասին էլ խոսք չկա։ Ուզում ենք հիշեցնել նաև, որ երբ ասում եք, թե մեզ համար զինվորի կյանքը թանկ է, իմացեք, որ այս հատվածով են նաև զինվորներին ու զորակոչիկներին ճանապարհում զորամասեր»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ բնակիչները նշում էին, որ նույնիսկ որոշել են դիմել ծայրահեղ միջոցի, ի նշան բողոքի փակել ճանապարհը, սակայն այս պահին ձեռնպահ են մնում նման գործողություններից՝ հավատալով, որ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը խելամիտ ժամկետներում խնդիրը կլուծեն։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր