211652_close_icon
views-count21337 դիտում article-date 14:59 02-10-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Lada»-ն դուրս է եկել հանդիպակաց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել դաշտում. ընտանիքի 4 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս 48 կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել առվակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նրանց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նվեր Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Վանիշկա Դեռնակապանյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության Մուսալեռ մասնաճյուղի օպերատիվ վթարավերականգնողականի ծառայողները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել տապալված բետոնե էլեկտրասյունը նորով փոխարինելուն և էլեկտրամատակարարումը վերականգնելու։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են. վիրավորներն են վարորդի կինը, մայրը և անչափահաս դուստրը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր