211652_close_icon
views-count973 դիտում article-date 10:47 28-09-2024

Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա ազատության իրավունքը

Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ:

Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի, ինչի կապակցությամբ հոգեբուժական հաստատությունը դիմել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջով։

Մինչդեռ, Դատարանը կայացրել է որոշում՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հոգեբուժական կազմակերպության դիմումը վերադարձնելու մասին՝ պատճառաբանելով, որ դիմումները պետք է ներկայացվեն այն դատարան (դատավորին), որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ հոգեբուժական կազմակերպությունը նույն հարցի կապակցությամբ մի քանի անգամ դիմել է նույն դատարան, գործը մակագրվել է նույն դատավորին և բոլոր դեպքերում կայացվել է նույնաբովանդակ որոշում։ Նշված որոշումն օրինական ուժի մեջ է թողնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից:

Խնդրի առնչությամբ հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը պարբերաբար ահազանգել է Պաշտպանի աշխատակազմ՝ հայտնելով, որ որդին բուժման կարիք այլևս չունի, սակայն անհարկի նրա անձնական ազատության իրավունքը սահմանափակվում է:

Հետագայում՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի կողմից վերացվել է անձի` հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը:

Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակի հետևանքները խիստ մտահոգիչ է համարում և ընդգծում, որ արդյունքում շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական հաստատությունում՝ առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության: Արդյունքում, խախտվել են նրա մի շարք իրավունքներ, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է մշակի և իրացնի համանման իրավիճակներում մարդու իրավունքների երաշխավորման պատշաճ գործիքակազմեր և որևէ ընթացակարգային կամ տեխնիկական հանգամանք չի կարող դառնալ նշված ոլորտում պետության պարտավորությունը չկատարելու հիմք:

Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թ. Ա.-ն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ անհատը չի կարող զրկվել ազատությունից՝ որպես «մտավոր խնդիրներ ունեցող», քանի դեռ չեն բավարարվել հետևյալ երեք նվազագույն պայմանները.

1) հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքը, որը պետք է հաստատվի իրավասու մարմնի կողմից՝ օբյեկտիվ բժշկական փորձաքննության հիման վրա.
2) հոգեկան խանգարումը պետք է լինի այնպիսի տեսակի կամ աստիճանի, որը պահանջում է պարտադիր ազատությունից զրկում.
3) անձին շարունակ անազատության մեջ պահելու հիմնավորվածությունը կախված է հոգեկան խանգարման շարունակականությունից։

Ավելին, Դատարանը արձանագրել է, որ սույն գործով, երբ դատարանը դիմումատուի նկատմամբ նշանակել է հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում, չի քննարկել ավելի նվազ խստության միջոց՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժում և հոգեբույժի մոտ հսկողություն նշանակելու հարցը, որը ներպետական օրենսդրությամբ նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից մեկն է: 

Հետևաբար, չի կարելի ասել, որ դիմումատուին ազատությունից զրկելու որոշումը հիմնված է առկա բոլոր գործոնների գնահատման վրա՝ ներառյալ թերապևտիկ հեռանկարները կամ ավելի քիչ ինվազիվ այլընտրանքների կենսունակությունը, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի անձանց պաշտպանության սկզբունքներով։

Դատարանը նշված գործով գտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների սահմանափակումը կարող է արդարացվել միայն «շատ ծանրակշիռ պատճառներով» և հաշվի պետք է առնել այն փաստը, որ հարկադիր հոգեբուժական հոսպիտալացումը հաճախ ենթադրում է միջոցներ, որոնք միջամտում են անձի անձնական կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիությանը, ներառյալ բժշկական միջամտությունները, որոնք կատարվում են անձի կամքին հակառակ, ինչպես օրինակ՝ դեղորայքի հարկադիր ընդունումը:

Դատարանը վերոնշյալ գործով գտնում է նաև, որ իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով ցույց տալ, որ դիմումատուի հոգեկան խանգարումն այնպիսի տեսակի կամ աստիճանի է, որ պահանջում են հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում:

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը հանգում է նրան, որ վերոնշյալ իրավական հիմքերի բացակայության պայմաններում անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված անձնական ազատության իրավունքի խախտման:

Նմանատիպ նյութեր