211652_close_icon
views-count604 դիտում article-date 18:47 25-09-2024

Կապսի ջրամբարի կառուցապատող ընկերության գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Կապսի ջրամբարի կառուցապատող՝ չինական «Շանսի Հայդրոլիք Քոնսթրաքշն Էնջինինիրինգ Բյուրո Գրուպ Կո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վանգ Ժուքյանգին և կապալառու կազմակերպության ներկայացուցիչ Լյաո Դայսոնգին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Ողջունելով հյուրերին, մարզպետը հետաքրքրվել է ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքով, դրանց տեմպերով և անելիքներով՝ ընդգծելով ջրամբարի շինարարության անհրաժեշտությունն ու դրա կարևորությունը:

Վանգ Ժուքյանգը մարզպետին տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ բավական աշխատանքներ կիրականացվեն՝ հողային, հարթեցման, թունելի փորման և նոր հունի կառուցման։ Շինաշխատանքների իրականացման համար ներկրվել է շուրջ 5 տասնյակ մասնագիտացված խոշոր տեխնիկա, դրանց թիվն օրերս ավելացվելու է։

Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում տեղում հանդիպելու և անելիքների շուրջ քննարկում ունենալու առումով։

Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։ Նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3: Ջրամբարի 25մլն մ3 ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17 հազար հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ջրամբարի 60մլն մ3 ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

Նմանատիպ նյութեր