211652_close_icon
views-count45931 դիտում article-date 15:55 15-09-2024

Երևանում կառուցվող էլիտար շենքում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել. Եգիպտոսի քաղաքացին 10-րդ հարկից ընկել և տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Միկոյան 9/3 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Եգիպտոսի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Սաիդ Ա.-ն է, ով նշված շենքի 10-րդ հարկից, շինարարական աշխատանքներ կատարելիս, անզգուշորեն սայթաքել, բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել։

Դեպքի փաստով ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։

Կառուցապատողը «ՎԵԼԼԻ ԲԵՅ» ՍՊԸ-ն է (Վահագն Ֆրանգյան), շինարարությունն իրականացնում է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն (լիցենզիա N 16231), հեղինակային հսկողությունն իրականացնում է «ԱՐԹՄԱՆ» ՍՊԸ-ն (արտոնագիր՝ ՃԲԴ-Ա-073), տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՓՐՈՓԵՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ-ն (լիցենզիա՝ N16826-01)։

Շինարարության սկիզբը՝ 04.03.2023թ.
Շինարարության ավարտը՝ 31.12.2025թ.


Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր