211652_close_icon
views-count511 դիտում article-date 11:12 12-09-2024

Հայտնի են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

 Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում  (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական  կրթության  վկայական  ստանալու  համար  դրսեկները 2024 թվականի 3-րդ քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն»,  «Աշխարհագրություն»,  «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»  առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների  քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ  կրթության  ատեստատ ստանալու համար դրսեկները  «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», Օտար լեզու  (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն»,  «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն»,  «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում):

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը`  առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Դրսեկության ձևով (ավարտական` ուսումնական պլաններով նախատեսված առարկաներից)  քննությունները  դրսեկները  հանձնում են՝ համաձայն ժամանակացույցի:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Բանավոր քննությունները  գնահատվում են   10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները  գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային  համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է  համաձայն  հետևյալ սանդղակի՝

    8-9   միավոր– 4                16-17 միավոր–8

    10-11 միավոր– 5                 18-19 միավոր-9

    12-13 միավոր– 6                20 միավոր-10

    14-15 միավոր – 7

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու  և անցկացնելու գործընթացը վերահսկում է ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը:   

Նմանատիպ նյութեր