211652_close_icon
views-count1431 դիտում article-date 16:45 15-09-2022

Հայտնի են 2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) և «Գրականություն» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է:

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

20 միավոր – 10

18-19 միավոր – 9

16-17 միավոր – 8

14-15 միավոր – 7

12-13 միավոր – 6

10-11 միավոր – 5

8-9 միավոր – 4

2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նմանատիպ նյութեր