211652_close_icon
views-count106673 դիտում article-date 17:50 10-09-2024

Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 1 զոհ, 5 վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբեր, ովքեր նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 43 և թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզում են։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում։

Ձուլարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչ օպերատիվորեն կժամանեին բժիշկների հերթապահ խմբերը, վիրավորներին առաջինն օգնության են հասել ՋԷԿ-ի բուժամբուլատորիայի աշխատակիցները։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցիցի ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնում են, որ վիրավորներից մեկը մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Հրազդանի ոստիկաններն ու Կոտայքի մարզային  քննչական վարչության քննիչները պարզել են մահացածի և վիրավորների ինքնությունը։ Մահացածը 46-ամյա Էդգար Հովհաննիսյանն է, վիրավորները՝ 32-ամյա Գևորգ Բեգլարյանը, 44-ամյա Աշոտ Հարությունյանը,  58-ամյա Սեդրակ Նիկողոսյանը, 33-ամյա Արմեն Նադալյանը և 35-ամյա Արման Ղազարյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր