211652_close_icon
views-count874 դիտում article-date 08:55 10-09-2024

Աշոտյանի գործով դատավորը ընդդիմադիր պատգամավորի վրա բողոք է գրել. հարուցվել է վարույթ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ Հակակոռուպցին կոմիտեում, դատավոր Դոլմազյանի դիմումի հիման վրա, քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում որպես վկա ներգրավված է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Այս մասին երեկ «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Թ. Թովմասյանը:

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատժել պատգամավոր Թովմասյանին, որ վերջինս հրապարակային հայտնել է, թե Արմեն Աշոտյանի կալանքը քաղաքական հրահանգի արդյունք է եւ դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով խախտվող իրավունքների վրա: Դատավոր Դոլմազյանը պատգամավորի գործունեությունը համարել է իբրեւ միջամտություն իր եւ արդարադատության գործունեությանը ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավորին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 19-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, ապա այն տեղափոխվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննությունը շարունակելու:

Թագուհի Թովմասյանը եթերում ասաց, «Ես այդ հրապարակումով հայտնել եմ իմ անձնական տեսակետը՝ հիմնված բացառապես ազատ խոսքի իրավունքի վրա, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով: Արտահայտված մտքերը որևէ կերպ չեն գերազանցում խոսքի ազատության սահմանները և օբյեկտիվ դիտորդի մոտ չեն կարող տպավորություն ստեղծել, որ ուղղված են դատական գործընթացի միջամտությանը»:
Պատգամավորն ասաց, որ որպես ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, շարունակում է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, եւ որպես պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով:

«Օրինակ՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ես հանրայնացրել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարի Պեյչինովիչ Բուրիչին հասցեագրված իմ հերթական նամակի պատասխանը` նույն Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ: Սակայն այդ հրապարակումից առաջ եւ հետո դատավոր Վ. Դոլմազյանը որեւէ դիմում չի ներկայացրել իրավապահներին եւ չի պնդել, թե փորձել եմ ազդել իր կամ արդարադատության վրա» – մանրամասնեց պատգամավորը:

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական հետապնդումների շարքը շարունակվում է, եւ իշխանության «սրտի» դատավոր Դոլմազյաի դիմումի հիման վրա՝ քաղաքական հետապնդում է հարուցվել ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր