211652_close_icon
views-count112122 դիտում article-date 09:01 08-09-2024

Ոստիկաններին հաջողվեց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ վնասազերծել ինքնաձիգով զինված տղամարդուն, ով ժամեր առաջ կրակահերթ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, որոնցից կապիտանը հիվանդանոցում մահացել էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ, մի քանի ժամ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ, այդ թվում  բանակցություններ վարելով Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանի հարազատների ու ընկերների հետ, ճշտում են նրա ենթադրյալ թաքնվելու վայրը, և հայրական տան անասնագոմից կարողանում են նրան վնասազերծել ու բերման ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ․Մարգարյանի մոտ է լինում նաև ինքնաձիգը և կար իրական վտանգ, որ նա կարող էր գործի դնել ինքնաձիգը՝ կրակելով իրեն վնասազերծող ոստիկանության հատուկ նշանակության ծառայողների վրա, սակայն ոստիկանների պրոֆեսիոնալ գործողության շնորհիվ այս անգամ ինքնաձիգը գործի չդրվեց։ 

Նրան բերման ենթարկելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի «սպանություն», «սպանության փորձ», «ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու» հատկանիշներով։ 

Մ․ Մարգարյանը ոստիկանության Արմավիրի բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 7-ին կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։ Հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 քաղաքացիներ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, Կարեն Հակոբյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։

Պարզվել էր, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել էին Նալբանդյան գյուղում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ոստիկանության ծառայողներ են։Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել Արմավիրի մարզի դատախազը և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտաբերվել էին մեծ քանակի արնանման հետքեր, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա էին  կրակոցի բազմաթիվ հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նալբանդյան գյուղում գտնվող  քաղաքացու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։Ոստիկանները այցելել էին նշված վայր և քաղաքացին, հավանաբար իմանալով, որ եկել էին իր հետևից, իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգից առանց նախազգուշացնելու կրակոցներ էր արձակել ոստիկանների ուղղությամբ։ Վերջիններս էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 466+
466+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր