211652_close_icon
views-count28677 դիտում article-date 11:18 29-08-2024

Լոռու մարզում թալանել են հայտնի ընկերություններից մեկը․ գողունը կազմում է մի քանի միլիոն դրամ. ոստիկանները իրականացրել են «Գողը տանից չլինի, եզը երթիկից չեն հանի» օպերացիան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի, ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանի, ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ, ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես խոշոր չափի գողության դեպք, որը կատարվել է Հանրապետությունում հայտնի ընկերություններից մեկից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նշված ընկերության անվտանգության աշխատակիցներ, Լոռու մարզի բնակիչներ 31-ամյա Գևորգ Ս․-ն, 31-ամյա Նարեկ Չ․-ն և նշված ընկերության վարորդներ, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Բադալ Ա․-ն և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Է․-ն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, այս տարվա մարտ ամսից մինչև օգոստոս նշված ընկերությանը պատկանող, Լոռու մարզում գտնվող անասնապահական խոշոր համալիրի տարածքից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի շինանյութեր և հացահատիկեղեն։ 

Երևանից ժամանած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները պարզել են, որ գողացված ապրանքները նշված անձինք տեղափոխել են իրենց պատկանող առանձնատներ, իսկ Նարեկ Չ․-ն հափշտակված հացահատիկեղենի մի մասը վաճառել է Լոռու մարզի բնակիչներ 35-ամյա Արտակ Ա․-ին, 30-ամյա Նորայր Ն․-ին, 33-ամյա Արիս Տ․-ին և ևս 2 հոգու, որոնց ինքնություննները ճշտվում է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ընկերության տնօրենը արդեն հայտնել է, որ նախնական ստուգումներով պարզվել է, որ իրենց ընկերությանը պատճառվել է մոտ 7 մլն դրամի վնաս։

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ, համատեղ իրականացրել են օպերատիվ միջոցառումներ, որի արդյունքում նոր հանգամանքներ են պարզվել, որ այս տարվա մարտ ամսին Նարեկ Չ․-ն նախնական համաձայնության գալով նշված ընկերության վարորդ Կարեն Է․-ի հետ, նշված ընկերության տարածքից Նարեկ Չ․-ի հերթապահության օրերին իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով մարտից միչև հունիս շուրջ 15 անգամ, յուրաքանչյուր անգամ՝ մոտ 3 տոննա հացահատիկ են հափշտակել և վաճառել։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Նարեկ Չ․-ն, նախնական համաձայնության գալով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սմբատ Չ․-ի հետ, այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում դարձյալ իր հերթապահության օրերին նշված ընկերություն է կանչել Սմբատ Չ․-ին և նրա կողմից վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով 2 անգամ նշված ընկերությունից հափշտակել են հացահատիկ՝ յուրաքանչյուր անգամ մոտ 4 տոննա։ Հիշյալից բացի Նարեկ Չ․-ն այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նորից իր հերթապահության օրերին հացահատիկ գողանալու նպատակով իր աշխատավայր է կանչել իր ազգական, Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Միհրան Ա․-ին։ Վերջինս եղել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով և նշված ընկերության տարածքից գողացել և իր ուզած վայր է տեղափոխել 15 պարկ՝ ընդհանուր 700 կգ հացահատիկ։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր