211652_close_icon
views-count36851 դիտում article-date 23:01 08-04-2023

Արաբկիրի ոստիկանները իրականացրել են «գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի» օպերացիան. հայտնի կին իրավաբանի տանից խոշոր չափի գումարը գողացել էր եղբայրը


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են «գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Հայաստանում հայտնի իրավաբանական ընկերություններից մեկի 27-ամյա իրավաբան Ա. Գ-ն և հայտնել, որ մարտի 18-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում, իրենց բնակարանի զգեստապահարանում եղած տուփի միջից գողացել են խոշոր չափի գումար։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին տան տիրուհին հայտնել է, որ տուփի մեջ եղել է 4000 ԱՄՆ դոլար։

Ոստիկանները, ժամերի ընթացքում կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, նշված արարքը կատարելու համար Ոստիկանություն են հրավիրել այդ կնոջ եղբորը, ով արդեն փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ իր քրոջ զգեստապահարանի մեջ պահվող տուփի միջից ինքն է գողացել գումարը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչկան կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր