211652_close_icon
views-count949 դիտում article-date 13:18 28-08-2024

Սա քրեական գործ է, որը հարուցվել է ապօրինի, մեղադրանքի մեջ որևէ արարք նկարագրված չէ. Հրայր Թովմասյանի փաստաբան

Սա քրեական գործ է, որը չէր կարող հարուցվել, որը հարուցվել է ապօրինի, որի հարուցման միակ դրդապատճառը ՍԴ-ի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է, որի նպատակն էր նրան ազատել ՍԴ-ի նախագահի պաշտոնից և հետագայում հնարավորություն ունենալ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ ներկայացնելով պաշտպանական ճառը։

Օրբելյանի խոսքով, այդ պնդումը հիմնավորվում է մեղադրական գործում ներկայացված ապացույցներով և ԱԱԾ նախկին նախագահի հարցազրույցով, որում հստակ մատնանշվել է, որ իրեն հորդորել են որպեսզի միջամտի Հրայր Թովմասյանի գործունեությանը, որպեսզի գործեր կարի իր և բարեկամների նկատմամբ, հասնի նրան, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա։

«Դատավարության ընթացքում դատավարական գործընթացները տեղի են ունեցել, ընդհանուր առմամբ Քրեական օրենսգրքի շրջանակներում մի շարք խախտումներով։

Նախագահողը չի կարող համարվել օրինական, քանի դեռ չի քննարկվել  իմ բացարկի միջնորդությունը և դրա վերաբերյալ դիրքորոշում չի ներկայացվել։ Երբ դատավարական գործընթացը տեղի է ունենում օրենքի խախտումներով և դատարանը չի ապահովում անաչառ դատարանի կարգավիճակ, տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների 6-րդ հոդվածի խախտում»,- հայտարարեց Թովմասյանի փաստաբանը:

Դատավորը դիմեց փաստաբանին՝ հորդորելով, որ պաշտպանական ճառում անդրադառնա գործում առկա մեղադրանքներին, հակառակ դեպքում պաշտպանական ճառն իր կողմից կընդհատվի։

Օրբելյանը շարունակեց. «Ենթադրաբար նկարագրված արարքը չի հաստատում, որ կատարվել է Հրայր Թովմասյանի կողմից։ Մեղադրանքի մեջ որևէ արարք նկարագրված չէ»։

Փաստաբանը նշեց, որ գործում մեղադրանքները պասիվ սեռով են նկարագրված, չի նշվում, որ Հրայր Թովմասյանն է արել ենթադրյալ արարքը, այլ նկարագրված է այլ անձանց գործողությունները։

«Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ»,-հայտարարեց պաշտպանը՝ նկատելով, որ մեղադրանքում ընդամենը գրված է, որ կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, և հավելեց. «Մեղադրանքների տակ արարք նկարագրված չէ։ Բայց հետագայում կներկայացնեմ, որ այն, ինչ նկարագրված է, թե ենթադրաբար կարող էր դիտվել օրինախախտում, չի կատարվել Հրայր Թովմասյանի կողմից և չի հաստատվում սույն քրեական գործի շրջանակներում»: 

Օրբելյանը նաև ավելացրեց, որ նկարագրվածը չի համապատասխանում մեղադրանքում ներկայացված հոդվածին։

Նմանատիպ նյութեր