211652_close_icon
views-count78324 դիտում article-date 11:19 25-08-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ․ հետիոտնը տեղում մահացել է․ պարեկներն ու Շենգավիթի համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնել անօգնական, հեռացել վրաերթի վայրից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հենրիկ Սահրադյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշն ու դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Նիզամի փողոցում հայտնաբերում են «Chevrolet» մակնիշի ատոմեքենա, որի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված է։

Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Արաքսյա Մ․-ն է, իսկ վրաերթ կատարած վարորդը նույնպես Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն է։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներ ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր