211652_close_icon
views-count28464 դիտում article-date 21:35 20-08-2024

Երևանում բախվել են 2 «Hyundai»-ներ, որոնցից մեկը հայտնվել է «Վեոլիա ջրի» փորած փոսում. կան վիրավորներ, բնակիչներն էլ ասում էին, որ «Վեոլիա ջուրը» տարածքը կահավորել է փնթի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամեն անգամ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորում, երբեմն խիստ հանձնարարականներ է տալիս, որպեսզի նրանք հետևողական լինեն, որ երբ «Գազպրոմ Արմենիա»-ն, Երևանի ԳԳՄ-ն կամ «Վեոլիա ջուր»-ը ճանապարհներին փոսեր փորեն, պարտադիր աշխատանքները կատարելուց հետո իրենց փորած փոսը փակեն։ Եթե «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ն գազախողովակները անցկացնելուց հետո պարտաճանաչորեն ճանապարհը նախկին տեսքի են բերում, ապա «Վեոլիա ջուր»-ը շատ դեպքերում առաջնորդվում է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Այսօր՝ օգոստոսի 20-ին, «Վեոլիա ջրի» թերի աշխատանքի պատճառով Երևանում հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել։

Ժամը 02:10-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի «Պետրոլ» բենզալցակայանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն Մեխակյանի վարած «Hyundai» մակնիշի 37 BJ 101 համարանիշի և 37-ամյա Հարություն Աղաբեկյանի վարած «Hyundai» մակնիշի 45 GS 555 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Մինասյանը։

Բախման հետևանքով վարորդներից Գ. Մեխակյանը ավտոմեքենայով հայտնվել է փոսում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ այդ փոսի հեղինակը «Վեոլիա ջուրն»  է և անվտանգության ոչ մի կանոններ չեն պահպանվել, ու սա առաջին դեպքը չէ, որ փոսում ավտոմեքենա է հայտնվում։ 

Դեպքի վայրում վարորդները պարեկների հայտնել են, որ վնասվածքներ չունեն, հրաժարվել են բժշկական օգնությունից, սակայն հաջորդ օրը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են դիմել Գ. Մեխակյանը և նրա ուղևոր Երևանի բնակիչ 31-ամյա Գեղամ Սահակյանը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննիչ Պետրոսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր