211652_close_icon
views-count92919 դիտում article-date 10:31 13-08-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Mazda 6»-ը «Չայնիի» ոլորաններում մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց․ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Վլադմիրի Գ․-ն ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ դեպի Հրազդան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ճամփամիջյան գոտու երկաթե արգելապատնեշի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վլադիմիր Գ․-ն տեղափոխվել է Միաքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, իսկ նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 33-ամյա Ամալյա Հ․-ն տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 2-ամյա Ա․ Գ․-ն՝ Երևանի «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակներով վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի և 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանն ու պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Տ․ Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փրկարարները երկաթե արգելապատնեշը, որը առջևի հատվածից մտել և մեքենայի հետևի հատվածից դուրս էր եկել հատուկ տեխնիկա օգտագործելո կտրել են երկաթի մի հատված և կարողացել են այն դուրս բերել ավտոմեքենայից։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են ու նրանց երեխան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր