211652_close_icon
views-count107348 դիտում article-date 11:53 28-07-2024

Ողբերգական ավտովթար, ծեծկռտուք՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, «Toyota»-ն , «Nissan»-ն ու «07»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ մի խումբ անձինք հարձակվել են պարեկների վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով ավտովթար, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գործող «Ֆասթ բանկ»-ի դիմաց բախվել են Երևանում ժամանակավորապես բնակվող 43-ամյա Համբարձում Մելիքյանի վարած ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Էդգար Մհերյանի վարած «Mercedes ML » մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գուրգեն Դավթյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Մհերյանն ու Ն․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի հրամանատարի տեղակալ Նորիկ Մանուկյանն ու պարեկ Արամո Մարգարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը այսօր՝ հուլիսի 28-ին մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ քննիչների դեպքի վայր ժամանելը մի խումբ անձինք ժամանել են դեպքի վայր, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, հարձակվել են ծառայություն կատարող պարեկների վրա, մի քանիսին պատճառել մարմնական վնասվածքներ ու տևական ժամանակ շարունակել իրենց լկտի պահվածքը, ինչից հետո պարեկների և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների լրացուցիչ ուժերի ժամանումից հետո կարողացել են այդ անձանց բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ էլ առանձին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կա մարզաշխարհի ներկայացուցիչ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր