211652_close_icon
views-count73861 դիտում article-date 16:04 24-06-2024

Արտակարգ դեպք՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում. 2 կալանավոր տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 կալանավորված անձի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները նշված քրեակատարողական հիմնարկի կալանավորներ 27-ամյա Արեն Հարությունյանն է և 28-ամյա Արտյոմ Ղազարյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք ի նշան բողոքի բանտի հացադուլավորների համար նախատեսված խցում կուլ են տվել երկաթյա մանր կտորներ (բոլտ, գայկա):

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց բողոքի պատճառը իրենց նկատմամբ հարուցված գործի հետ անհամաձայնությունն է:

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Լուսանկարում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Թադևոսյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր