211652_close_icon
views-count50658 դիտում article-date 20:37 18-06-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «BMW X5»-ը բախվել է քարերին, հողաթմբերին․ վարորդին առաջինն օգնության են հասել «Վեոլիա ջրի» աշխատակիցները․ օպերատիվ են գործել Աշտարակի բժիշկները, պարեկներն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և մոտ 150 մետր առաջ ընթանալով՝ բախվել քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Կարեն Մելիքյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների, որը պարեկներին հայտնել է վարորդը, վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս քնելը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր