211652_close_icon
views-count19820 դիտում article-date 17:54 07-06-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ «Էլքոր» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հողատարածքի հարևան սեփականատերը ջուրը բաց է թողել իր հողատարածք և իրեն պատճառվել է մոտ 2 մլն դրամի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Մ․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բաղրամյանի բաժին և հայտնել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի վարչական տարածքում ունի սեփականաշնորհված 30 հա. հողատարածք, որի վրա կատարել է բավականին մեծ ծախսեր, գյուղատնտեսական աշխատանքներ՝ հողատարածքը մշակելու նպատակով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 31-ին ժամը 20։00-ի սահմաններում իր հողատարածքի հարևան սեփականատեր, Արմավիրի մարզի բնակիչ 75-ամյա Տոնական Կ․-ն իր հողատարածքը ոռոգելու ընթացքում ոռոգման ջուրը բաց է թողել իր հողատարածք, որով հեղեղել է իր հողատարածքը և իր կողմից կառուցած ճանապարհը՝ պատճառել իրեն մոտ 2 մլն դրամի գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Մ․-ն աշխատում է «Էլքոր» ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր