211652_close_icon
views-count83827 դիտում article-date 12:05 03-06-2024

Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից շարունակվել էր որոնողական աշխատանքները, ինչի շնորհիվ էլ ջրասուզակներին հաջողվեց հայտնաբերել:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Տեղում են նաև մարզի դատախազն ու տեղակալը:

Քիչ առաջ դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 8 ջրասուզակներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի և ջրասուզակների ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի և ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության ու  համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, վաղ առավոտից սկսել էին Սևանա լճում երեկվանից որպես անհետ կորած որոնվող Երևանի բնակիչ, 25-ամյա կոմպազիտորի որոնողական աշխատանքները։

Ջրասուզակները մի քանի անգամ սուզվում էին, ինչքան հնարավոր է, ջրի հատակը, սակայն տեսանելիությունը ոչ բարվոք էր։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը։

Որոնողական աշխատանքներում ներգրավված էին նաև որոնվող աղջկա հարազատները, ընկերները։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Դեպքի վայր էին ժամանել նաև Սևանի բաժնի քննիչները՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Հունիսի 1-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի,  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու ջրային պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մատիրոսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակներ, ջոկատի հրամանատար՝ Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքներ էին իրականացնում:  

Հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Այս պահին մի քանի ջրասուզակներով, ջրային պարեկներով, նավակներով որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ոստիկանության Սևանի բաժնում էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտու անվտանգության աշխատակիցները:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 284+
284+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր